Գյումրու ողբերգության ֆոնին հանրային շրջանակում այսօր առավել մեծ մտահոգություն է հասունանում: Այնպես չլինի, որ մարդկանց արդարացի ըմբոստությունը վերածվի մեկ այլ ողբերգության: Իսկ որ դրա «կազմակերպման» համար կան «պարապած» ուժեր, կասկածից վեր է: Այսօրվա իրավիճակի լրջությունն առաջին հերթին պիտի զգա իշխանությունն ու անի հնարավորը, որ մարդիկ հասկանան` այս երկրում իշխանություն կա, որը կարող է իրեն պաշտպանել, իր արդար պահանջները բավարարել: Սակայն օրվա իշխանությունները ոչ միայն հապաղում են այս հարցում, այլև շատ հաճախ անհասկանալի կեցվածք դրսևորում: Սա է՛լ ավելի է թեժացնում իրավիճակը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը զգոնության կոչ է արել: «Նման գլոբալ պատերազմի պայմաններում պետք է բացարձակ զգոն լինել, քանի որ հնարավոր է հաջորդ վայրկյանից սկսեն ողբերգությունն օգտագործել այլ նպատակներով... Այն, որ երեք սերունդների ներկայացուցիչներ են ընտանիքում սպանվել, խոսում է շատ բաների մասին, և բնական էր նման խոր, համընդհանուր արձագանքը, բայց ուրիշ հարց է, որ զուգահեռ միանգամից սկսում են գործել ուժեղ խմբեր՝ թե՛ դրսից, թե՛ ներսից, այսինքն՝ շահարկումը միանգամից սկսվում է և այս տեսակետից պետք է բացարձակ զգոն լինենք»,-հայտարարել է Մանուչարյանը` հավելելով, թե պետք է անհապաղ ձևավորել հայությանը «համադրող օղակ», որի համար տեղի ներուժը չի բավարարելու, հարկավոր է դրսի հայ գործիչներին էլ ներգրավել:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ